2020 Հոկ 12, Երկուշաբթի
Ե՞րբ է հնարավոր հղիություն` ծննդաբերությունից հետո:
Ծննդաբերությունից հետո յուրաքանչյուր կնոջ համար կրկին հղիանալու ժամկետն անհատական է, որովհետև կրծքով կերակրող կնոջ մոտ տեղի են ունենում ֆիզիոլոգիական դաշտանադադար, որի տևողությունը կախված է կնոջ՝ կրծքով կերակրելու հաճախականությունից: Հատկապես ուշադրության արժանի են գիշերային կերակրումները, որքան հաճախ են այդ կերակրումները, այնքան դաշտանադադարը կարող է երկար տևել:
Կրծքով կերակրելիս արտադրվում է պրոլակտին հորմոն, որն էլ կանխում է դաշտանը և ապահովում է նախ` կաթնարտադրությունը, ապա` պաշտպանությունը նոր հղիությունից:
Սակայն դա նաև չի նշանակում, որ կերակրող կինը հղիանալ չի կարող: Հաճախ կրծքով կերակրող կանայք ծննդաբերությունից մի քանի ամիս անց հղիանում են` առանց դաշտան տեսնելու: Կրծքով կերակրելը թեև որոշ չափով բնական հակաբեղմնավորիչի դերակատարում ունի, սակայն լիարժեք պաշտպանություն չէ:
Ե՞րբ սկսել պաշտպանվել` կրկին չհղիանալու:
Սեռական կյանքով ապրելու առաջին իսկ օրվանից պետք է պաշտպանվել հղիությունից: Հարկ է նշել, առաջին 40 օրը սեռական կյանքը սկսել ցանկալի չէ, քանի որ արգանդը դեռևս կրճատված չէ, կան արտադրություններ՝ արյան, արյնաջրերի տեսքով: Եթե դա չի պահպանվում, ապա պետք է օգտագործել պահպանակներ, որովհետև դրանց օգտագործման համար որևէ հետազոտություն չի պահանջվում:
Ծննդաբերությունից հետո որքա՞ն ժամանակ անց է նպատակահարմար հաջորդ հղիությունը:
Ըստ ԱՀԿ ուղեցույցների, խորհուրդ է տրվում հերթական հղիությունը պլանավորել ծննդաբերությունից 2 տարի անց, կամ մեկ տարի անց` կրծքով կերակրելուց հետո: Կեսարյան հատումից հետո նախկինում խորհուրդ էր տրվում սպասել 3 տարի: Ներկայում նույն ժամկետն է առաջարկվում, ինչ ծննդաբերության դեպքում, քանի որ ներկայում կիրառվող վիրահատական նյութերն ավելի հուսալի են` հյուսվածքների վերականգնողական առումով:
Պե՞տք է խորհրդակցել գինեկոլոգի հետ պաշտպանվելու մեթոդների ընտրության համար:
Խորհրդակցել անհրաժեշտ է, որովհետև որոշ հակաբեղմնավորիչներ օգտագործելուց առաջ կինը պետք է անցնի որոշ հետազոտություններ, ուստի ինքնուրույն դրանք օգտագործելը սխալ է: Միայն պահպանակների դեպքում կարելի է օգտագործել ինքնուրույն:
Ի՞նչ առավելություն ունեն հակաբեղմնավորիչները` մյուս մեթոդների համեմատությամբ:
Ժամանակակից հակաբեղմնավորիչների արդյունավետությունը մոտավորապես 100% է, իսկ այլ մեթոդները՝ կրծքով կերակրում, հաշվարկ` ըստ դաշտանային ցիկլի օրերի, ընդհատված սեռական ակտ, լիարժեք չեն ապահովում հղիությունից պաշտպանությունը: Թեև, հարկ է նշել, հակաեղմնավորիչներն ունեն իրենց հակացուցումները:
Ի՞նչ հակաբեղմնավորիչ մեթոդներ կան:
Դրանք բազմազան են: Առաջինը պատնեշայիններն են, որոնք ներառում են տղամարդկանց և կանանց պահպանակները: Երկրորդը՝ լայնածավալ կիրառվող ներարգանդային պարույրներն են, որոնց մեջ կան նաև ժամանակակից՝ հորմոն պարունակող պարույրներ:
Հաջորդը հորմոնալ հակաբեղմնավորիչներն են՝ հաբերի տեսքով:
Կիրառվում է նաև քսուքների, սպունգների տեսքով սպերմացիդների խումբ, որոնք օգտագործում են անմիջապես սեռական ակտից հետո և ազդում սերմի վրա:Երբեմն կատարվում է վիրահատական ճանապարհով կանանց կամ տղամարդկանց ամլացում, որը ևս բեղմնավորման բացառում է:
Կան նաև ֆիզիոլոգիական և կենսաբանական պաշտպանիչ միջոցներ՝ ընդհատված սեռական ակտը, կրծքով կերակրումը և այլն, որոնք պակաս արդյունավետ են:
Ի՞նչ վտանգ կարող է ներկայացնել հակաբեղմնավորիչների կիրառումը կրծքով կերակրելու ժամանակ:
Կրծքով կերակրող կնոջը խորհուրդ է տրվում օգտագործել պատնեշային հակաբեղմնավորիչներ՝ տղամարդու կամ կնոջ պահպանակ: Այլ հակաբեղմնավորիչներ խորհուրդ չի տրվում, հատկապես` հաբեր, քանի որ դրանք հորմոն են պարունակում:
Ի՞նչ բարդություններ կարող են լինել հակաբեղմնավորիչներ օգտագործելու դեպքում:
Պատնեշային պաշտպանության բարդություններից է պահպանակի օգտագործումից առաջացող լատեքսային ալերգիան, որը չնչին տոկոս է կազմում: Հնարավոր է նաև պահպանակի պատռում, որի դեպքում կարող է լինել ոչ ցանկալի հղիություն:
Ներարգանդային պարույրների բարդություններից` տեղադրելու ժամանակ արգանդի պատի վնասումը, էքսպուլսիան, երբ կնոջ օրգանիզմը պարույրը չի ընդունում որպես օտար մարմին և արգանդի կրճատումներով այն դուրս է մղվում: Հնարավոր են առկա քրոնիկ հիվանդությունների սրացումներ, ավելի քիչ դեպքերում կարող է լինել արտարգանդային հղիություն:
Հորմոնալ հաբերի կիրառումը կարող է բերել արյան մակարդելիության փոփոխությունների՝ ավելի հաճախ հիպերկոագուլացիայի, կարող են լինել ալերգիկ ռեակցիաներ: Հորմոնալ հաբերը հակացուցված են կանանց կրծքագեղձի և սեռական օրգանների նախաքաղցկեղային գործընթացների ժամանակ, ցանկալի չեն լյարդի ֆունկցիայի խանգարման և այլ քրոնիկ հիվանդությունների դեպքում: Կան նաև տարիքային սահմանափակումներ:
Այդ պատճառով խորհուրդ է տրվում հաբեր օգտագործելուց առաջ անպայման դիմել բժշկի, որպեսզի կատարվեն համապատասխան հետազոտություններ՝ արյան մակարդելիության որոշում, կրծքագեղձի սոնոգրաֆիա, լյարդի հետազոտություններ և այլն:
Վիրահատական ամլացումը (արգանդափողերի փակում, տղամարդկանց մոտ` ամորձածորանների փակում), մեզ մոտ ընդունված չէ: Դրանց հիմնական բացասական ազդեցությունն այն է, որ այդ վիրահատություններից հետո այլևս անհնարին է բեղմնավորումը:
Մենք փնտրում ենք պատասխանատու և փորձառու մասնագետ, ով կղեկավարի բուժքույրական թիմը և կապահովի որակյալ ու բարձրակարգ սպասարկում։Պահանջներ......
Կարդալ ավելին»Դուք նորածին եք ունեցել, վայելում եք մայրության երջանկությունը, բայց հանկարծ ձեզ անսպասելի վատ եք զգում։ Ցավոք, նման իրավիճակները հազվադեպ չեն։ Բացի այդ, կրծքով կերակրման շրջանում կանանց հակվածությունը շնչառական վարակներին բավականին բարձր է......
Կարդալ ավելին»Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...
Կարդալ ավելին»